Պահպանողականների մի մասը պաշտպանել է առանց գործարքի Brexit թույլ չտալու Քորբինի պլանը

15:12   17 Օգոստոս 2019    183

Կառավարող Պահպանողական կուսակցության պատգամավորների թվից Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմում պահելու թունդ կողմնակիցները հնարավոր են համարել կոշտ Brexit թույլ չտալու ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի պլանը պաշտպանելը:

Այդ մասին հայտնում է The Times թերթը: Չնայած լիբերալ դեմոկրատների կողմից դրսեւորվող սկեպտիցիզմին եւ մի քանի անկախ խորհրդարանականների թշնամանքին, պահպանողական պատգամավորները, որոնց դիմել է Քորբինը, հայտարարել են, որ ողջունում են նրա մոտեցումը եւ համաձայնել են հանդիպել նրա հետ, նշում է հրատարակությունը: «Ես կարծում եմ, որ նրանք, ովքեր ասել են, թե իրենք ամեն բան կանեն, որպեսզի խոչընդոտեն առանց գործարքի դուրս գալուց հնարավոր երկարաժամկետ վնասին, պետք է լրջորեն վերաբերվեն այդ առաջարկությանը»,-ասել է պահպանողական Գութո Բեբը:

Ինչպես նշում է The Times-ը, Քորբինի նամակը, որը նա ուղարկել էր պահպանողական այն պատգամավորներին, որոնք հանդես են գալիս առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի ԵՄ-ից երկրի դուրս գալու դեմ, ստացել են բրիտանական կառավարության նախկին անդամներ Դոմինիկ Գրիվը, Օլիվեր Լեթվինը, Քերոլայն Սփելմանը եւ Նիք Բոուլզը, որն ավելի վաղ թորիների շարքերից հեռացել Է Brexit-ի պատճառով տարաձայնությունների ֆոնին: Բոլոր չորսն էլ պատրաստակամություն են հայտնել հանդիպել լեյբորիստների առաջնորդի հետ, որպեսզի «քննարկեն հոկտեմբերի 31-ին առանց գործարքի դուրս գալու սցենար թույլ չտալու տարբեր ուղիները»:

Նախօրյակին Ջերեմի Քորբինը հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությանն անվստահության քվե հայտնելու եւ այն բանից հետո վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պլանների մասին, երբ Բրյուսելի հետ համաձայնեցվի Brexit-ի նոր հետաձգումը: Քորբինը նաեւ հայտարարել է, որ լեյբորիստներն ապագա ընտրարշավի ընթացքում կքարոզեն Եվրամիությանն անդամակցության նպատակահարմարության հարցի շուրջը երկրորդ հանրաքվեի անցկացման օգտին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit  


Վերնագիրի այլ պիտակները