Գերմանիայի հատուկ ծառայության նախկին ղեկավարին կարող են վտարել կուսակցության շարքերից

10:09   18 Օգոստոս 2019    183

Գերմանիայի սահմանադրության պահպանման դաշնային գերատեսչության նախկին ղեկավար Հանս-Գեորգ Մասենին կարող են վտարել Քրիստոնյա-դեմոկրատական միությունից (ՔԴՄ), հաղորդում է DW-ը:

Այս մասին հայտարարել է կուսակցության ղեկավար Աննեգրետ Կրամպ-Կարրենբաուերը: Կրամպ-Կարրենբաուերի խոսքով՝ կուսակցության ցանկացած անդամ սեփական կարծիքն արտահայտելու իրավունք ունի, սակայն այլ կուսակցություն հիմնելու փորձը «անդրդվելի հակազդեցության է բախվում»: Հանս-Գեորգ Մասենն ակտիվորեն մասնակցում է ՔԴՄ-ի այսպես կոչված «Միություն արժեքների համար» աջ թեւի գործունեությանը: Նա դեպի Գերմանիա ներգաղթյալների հոսքի սահմանափակման կոչեր է անում:

2018թ. սեպտեմբերին Մասենը քննադատության արժանացավ: Պատճառը սաքսոնական Հեմնից քաղաքից «չապացուցված» տեսագրության մասին նրա խոսքերն էին: Այդ քաղաքում դրանից շաբաթներ առաջ 35-ամյա քաղաքացի էր սպանվել: Տեսագրության մեջ երեւում էր՝ ինչպես են գերմանացիները հետապնդում սեւամորթ օտարերկրացիներին: Մասենը պնդում էր, որ խոսքը «նպատակաուղղված ապատեղեկատվության մասին է՝ Հեմնիցում տեղի ունեցած սպանությունից հանրությանը շեղելու համար»: Սակայն ավելի ուշ նա բացատրել է, որ չի վիճարկում տեսագրության իրական լինելը, եւ որ իրեն «սխալ են հասկացել»:

Բացի այդ, Մասենը տարբեր երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ձախ ծայրահեղական որոշ ուժեր», որոնք ավելի վաղ դեմ են հանդես եկել ՔԴՄ-ի հետ կառավարական կոալիցիա ստեղծելուն, Հեմնիցի իրադարձությունների մասին իր խոսքերը լավ առիթ են համարել կուսակցության պառակտման համար: Նոյեմբերին Մասենին պաշտոնաթող են արել: Հատուկ ծառայության ղեկավար է դարձել Թոմաս Հալդենվանգը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները