ԱՄՆ-ում հրապարակվել է հետախուզության զեկույցը Չեռնոբիլի ատոմակայանի վթարի մասին

21:53   19 Օգոստոս 2019    229

Ըստ զեկույցի՝ 1986 թվականի վթարի առաջին օրերին ամերիկյան հատուկ ծառայությունները կասկածներ ունեին զոհերի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունների հետ կապված:

Հետևություններն արվել են Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկի մասշտաբային ավերածությունների լուսանկարների հիման վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ամբողջ հետախուզական հանրությունը անհեթեթ է համարում այն տվյալները, որ զոհվել է 2 մարդ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի հետախուզության և հետազոտության հարցերով օգնական Մորտոն Աբրամովիչը:

Նրա խոսքերով՝ «РБМК-1000» խորհրդային ռեակտորում ցերեկային հերթափոխին եղել է մոտ 100 մարդ, գիշերայինին՝ 25-35: Աբրամովիչը նշել է, որ 3-րդ և 4-րդ էներգաբլոկները տեղակայված են միմյանց շատ մոտ: Դրա համար էլ օրվա ընթացքում ռեկտորի շուրջը եղել է մոտ 200 մարդ, գիշերը՝ մինչև 70:

Նշվում է, որ պայթյունի էպիկենտրոնին մոտ գտնվողները կա´մ միանգամից զոհվել են, կա´մ ստացել ռադիացիայի այնպիսի չափաբաժին, որը մահացու վտանգավոր է կյանքի համար:
Հիշեցնենք` 1986 թվականի ապրիլի 26-ին Չեռնոբիլի ատոմակայանում պայթել է 4-րդ էներգաբլոկի ատոմային ռեակտորը:

134 մարդու մոտ ախտորոշել են սուր ճառագայթային հիվանդություն: Նրանցից 28-ը մահացել է կատարվածից հետո՝ 1-2 ամսվա ընթացքում: Աշխատակիցներից մեկն անմիջապես զոհվել է պայթյունի ժամանակ, մյուսը` մահացել աղետից հետո՝ մի քանի ժամվա ընթացքում:

Բելառուսում ռադիացիոն աղտոտման ընդհանուր տարածքը կազմել է շուրջ 46.5 հազար քառակուսի կիլոմետր, Ուկրաինայում՝ 50 հազար քառակուսի կիլոմետր: Տուժել են նաև ռուսական 19 շրջաններ՝ 60 հազար քառ․ կմ-ով և 2.6 միլիոն բնակչությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները