Իրանական «Բավար-373» համալիրը շատ մոտ է ռուսական Ս-400-ին. Ռոուհանի

14:33   22 Օգոստոս 2019    382

Պաշտոնապես ներկայացված իրանական արտադրության «Բավար-373» զենիթահրթիռային համալիրն ուժեղ է ռուսական Ս-300-ից եւ մոտ է Ս-400-ին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Երեք հարյուր յոթանասուներեքն ուժեղ է Ս-300-ից, իսկ Ս-400-ին շատ մոտ է»,- ասել է Ռոուհանին՝ ելույթ ունենալով Իրանի պաշտպանական արդյունաբերության օրը: Իրանի նախագահն օգոստոսի 22-ի առավոտյան ներկայացրել է «Բավար-373» համալիրը:

Համալիրն արդեն փորձարկումներ է անցել 2017 թվականին: «Բավար-373» զենիթահրթիռային համալիրը մշակվել եւ լիովին նախագծվել է Իրանում, իրանցի զինվորականները նշել են, որ համալիրը ներկայացնում է Ս-300-ի համեմատությամբ ավելի զարգացած համակարգ, որը կարող է մրցակցել ռուսական զենիթահրթիռային համալիրների հետ:

Զենիթահրթիռային համալիրն՝ ուղղաձիգ արձակման կայանքով, Իրանի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով, հանդերձված է «Սայադ-4» հրթիռներով եւ կարող է խոցել զանազան օդային թիրախներ, այդ թվում՝ կործանիչներ եւ «անտեսանելի ինքնաթիռներ», անօդաչուներ, թեւավոր ու բալիստիկ հրթիռներ 27 կիլոմետր բարձրության եւ 200 կիլոմետր հեռավորության վրա:

Ըստ որում համալիրը կարող է թիրախները հայտնաբերել ավելի քան 300 կիլոմետր հեռավորության վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոուհանի  


Վերնագիրի այլ պիտակները