Ինժեներները «գիշերային արևային մարտկոցներ» են ստեղծել

22:39   15 Սեպտեմբեր 2019    180

ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ինժեներներն էլեկտրաէներգիայի գեներատոր են ստեղծել, որն արևային էներգիայով է աշխատում գիշերը, գրում է Daily Mail-ը:

Հաղորդվում է, որ տեխնոլոգիան հիմնված է ճառագայթահարման սառեցման երևույթի վրա: Դրա էությունն այն է, որ մայրամուտից հետո օրվա ընթացքում տաքացած հողը, տները և, ընդհանրապես, մոլորակի մակերեսին գտնվող բոլոր առարկաները սկսում են հետ վերադարձնել կուտակած ջերմությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արդյունքում, դրանք սառչում են այնպես, որ շրջապատող օդից ավելի սառն են լինում: Այս երևույթի պատճառով, օրինակ, խոտը երբեմն ծածկվում է եղյամով, նույնիսկ եթե գիշերը ջերմաստիճանը զրոյից ցածր չի եղել: Ջերմաստիճանների այս տարբերությունն օգտագործել են սարքը ստեղծողները: Այն գործում է ջերմաէլեկտրական ազդեցության շնորհիվ:

Ինժեներները սարքը փորձարկելու ժամանակ այն տեղադրել են շենքի տանիքին և դրան լարման փոխարկիչ և լուսադիոդային լամպ միացրել: Փորձարկումը հաջող է անցել. նրանց հաջողվել է էլեկտրաէներգիա ստանալ, ճիշտ է, ընդամենը 25 միլվատ: Բայց հետազոտողների համար կարևոր է, որ սկզբունքն ինքնին գործել է: Փորձագետները վստահեցնում են, որ կատարելագործումից հետո հնարավոր կլինի 20 անգամ ավելացնել հզորությունը:

Մշակողների կարծիքով, իրենց սարքը լրացուցիչ հնարավորություն է տալիս օգտագործելու վերականգնվող էներգիայի աղբյուրները և կարող է օգտակար լինել, օրինակ, արևային վահանակների տերերին, որոնք միշտ գիշերային ժամերին էլեկտրականության խնդիր են ունենում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Լոս-Անջելես  


Վերնագիրի այլ պիտակները