Հաշվարկվել է հոլիվուդյան դերասանների և դերասանուհիների աշխատավարձերի տարբերությունը

22:56   15 Սեպտեմբեր 2019    235

Պարզվել է, որ հոլիվուդյան դերասանների աշխատավարձն ավելի բարձր է, քան դերասանուհիներինը:

Այս մասին հաղորդել է The Guardian-ը՝ հղում անելով Հադերսֆիլդի, Վիսկոնսինի և Լանքասթերի համալսարանների հետազոտողներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տնտեսագետները հաշվարկել են, որ միջին աշխատավարձի տարբերությունը յուրաքանչյուր ֆիլմի համար կազմում է մոտ 1.1 միլիոն դոլար: Փորձագետները նման եզրահանգման են եկել՝ վերլուծելով 246 տղամարդկանց և կանանց եկամուտների տվյալները, ովքեր նկարահանվել են 1343 ֆիլմերում 1980-ից 2015 թվականներին: Վերլուծությունը հիմնված էր մի քանի աղբյուրների վրա, ներառյալ IMDb-ն (ինտերնետային կինոնկարների տվյալների շտեմարան) և Box Office Mojo-ն:

Հաշվարկի համար հետազոտողներն օգտագործել են մի շարք ցուցանիշներ՝ դերասանների նախորդ հաջողությունները, մրցանակների առկայությունը և հանրաճանաչությունը սոցիալական ցանցերում: Ըստ տնտեսագետների, եկամտի տարբերությունը համեմատաբար կայուն է: Օրինակ, 2015-ի ցուցանիշները մոտավորապես նույնն են, ինչ 1980-ին:

Աշխատավարձի տարբերությունը, ինչպես նշվում է, կարող է կախված լինել ֆիլմի ժանրից կամ դերասանի տարիքից: Օրինակ, էքշն-ֆիլմերի դերասանները 1.8 միլիոն դոլար ավելի են ստանում, քան դերասանուհիները, իսկ տղամարդիկ, որոնք 50-ին մոտ են, կարող են ֆիլմի համար 4 միլիոն դոլար ավելի ստանալ: Արդեն մի քանի տարի է, ինչ հոլիվուդյան աստղերը փորձում են ուշադրություն հրավիրել հավասարապես կատարված աշխատանքի համար անհավասար վարձատրության վրա:

Իսկ վերջերս սկանդալի պատճառ դարձավ «Խաբեություն ամերիկյան ձևով» ֆիլմի դերասանների աշխատավարձերի հրապարակումը: Քրիստիան Բեյլը և Բրեդլի Կուպերը ստացել էին 2.5 միլիոն դոլար և 9 տոկոս՝ հասույթից, նկարահանման հրապարակում անցկացնելով 45 օր: Դերասանուհի Էմի Ադամսը աշխատանքի նույն ժամանակահատվածի համար ստացել էր 1.25 միլիոն դոլար և 7 տոկոս հասույթից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոլիվուդ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները