Թրյուդոն ընտրությունների նախաշեմին ներողություն է խնդրել «շագանակագույն» դիմահարդարման համար

14:55   19 Սեպտեմբեր 2019    379

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ընտրությունների նախաշեմին ներողություն է խնրել «շագանակագույն» դիմահարդարմամբ լուսանկարի համար, գրում է CBC-ն:

Ավելի վաղ Time ամսագիրը լուսանկար էր հրապարակել, որում Թրյուդոն ներկայանում է սպիտակ թյուրբանով և «շագանակագույն» դիմահարդարմամբ:

Այդ տեսքով Կանադայի ապագա վարչապետն այցելել է մասնավոր դպրոցներից մեկի կողմից կազմակերպված ավարտական երեկոյին, որտեղ դասավանդելիս է եղել 2001 թվականին: Այդ ժամանակ Թրյուդոն 29 տարեկան էր: Լուսանկարը հայտնաբերվել է ավարտական ալբոմում:

Կանադայի պահպանողական կուսակցության առաջնորդ և Թրյուդոյի գլխավոր հակառակորդ Էնդրյու Շիիրն ասել է, որ ապշած և չափազանց հիասթափված է վարչապետի արարքից` հայտարարելով, որ նման անձը չի կարող երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնել: Շիիրը վարչապետին մեղադրել է ռասիզմի համար:

«Ես Ալադինի հագուստ էի հագել և շագանակագույն դիմահարդարում արել: Ես չպետք է դա անեի. պետք է ավելի խորաթափանց գտնվեի: Ես, իրոք, շատ եմ զղջում դրա համար»,- հայտարարել է Թրյուդոն:

Դեռևս պարզ չէ` հրապարակված լուսանկարն ինչ ազդեցություն կունենա վարչապետի վարկանիշի վրա: Վերջինս լրջորեն է վերաբերվում սոցիալական ցանցերում իր կերպարին և խստորեն վերահսկողություն է իրականացնում դրա նկատմամբ: Լրագրողները Թրյուդոյին հարցրել են` ինչպես կվերաբերվեր ինքը, երբ իր կուսակցության մեկ այլ անդամ նույնանման լուսանկար ունենար, վարչապետը պատասխանել է, որ ենթադրություններով խոսել չի սիրում և նախընտրում է յուրաքանչյուր միջադեպ անհատական վերլուծության ենթարկել:

Սեպտեմբերի 11-ին Թրյուդոն հայտարարել է նախընտրական քարոզարշավի մեկնարկի մասին` պաշտոնապես խնդրելով արձակել խորհրդարանը: Ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին:

Նախընտրական պայքարը կծավալվի գլխավորապես երկու` Լիբերալ և Պահպանողական կուսակցությունների միջև: 2015 թվականին կայացած ընտրությունների արդյունքում լիբերալները խորհրդարանում մեծամասնություն են կազմել, իսկ կուսակցության ղեկավարը` Ջասթին Թրյուդոն, զբաղեցրել է վարչապետի պաշտոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրյուդո  


Վերնագիրի այլ պիտակները