Թրամփը որոշել է լրացուցիչ զորք ուղարկել Մերձավոր Արևելք

09:42   21 Սեպտեմբեր 2019    264

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելք լրացուցիչ զորքեր ուղարկելու որոշում է կայացրել:

Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը, Interfax-ի փոխանցմամբ՝ հայտնում է CNN-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Թրամփը նման որոշում է ընդունել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումից հետո՝ Մերձավոր Արևելքում դիրքերն ուժեղացնելու անհրաժեշտությունից ելնելով:

«Ամերիկյան ուժերը կատարելու են պաշտպանական առաջադրանքներ: Նրանք հիմնականում կկենտրոնանան հակաօդային և հակահրթիռային պաշտպանության վրա»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը` հավելելով, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ զորակազմը կարող է ավելի ընդլայնվել:

Նա ընդգծել է, որ խոսքը «հազարավոր» զինվորներ ուղարկելու մասին չէ: Բացի այդ, Էսպերը հաստատել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է կարծել, որ Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումների մեջ ներգրավված է Իրանը: «Զինատեսակներն արտադրվել են Իրանում: Հարձակումը Եմենի կողմից չի եղել», - նշել է Պենտագոնի ղեկավարը՝ չհստակեցնելով, թե որտեղից են արձակվել հրթիռներն ու անօդաչուները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ի գիշերը Սաուդյան Արաբիայի նավթային ընկերություններից մեկը՝ Saudi Aramco-ն հրթռային հարձակման էր ենթարկվել, ինչը հանգեցրել էր Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանման ծավալների մոտ 50 տոկոս կրճատմանը՝ օրական 5,7 միլիոն բարել:

Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել էին Եմենի ապստամբ-հուսիթները, սակայն ԱՄՆ-ը կասկածի տակ է դնում նրանց ներգրավվածությունը և հարձակումների մեջ մեղադրում է Թեհրանին, վերջինը հերքում է այդ մեղադրանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները