«Քաղաքական թատրոն». Ստեֆանի Գրիշեմ

13:29   09 Հոկտեմբեր 2019    274

Սպիտակ տունը հրաժարվել է համագործակցել Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմող դեմոկրատների հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթացի շրջանակում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը, գրում է Politico պարբերականը:

Նրա խոսքով՝ նախագահի անունից նրա իրավախորհրդատու Փեթ Չիպոլոնեն նամակ է ուղարկել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, ինչպես նաև Կոնգրեսի կոմիտեների ղեկավարներին:

Նամակում ասված է, որ Թրամփի դեմ դեմոկրատների հետաքննությունը որևէ սահմանադրական հիմք չունի:

«Նրանք խախտում են քաղաքացիական ազատություններն ու իշխանությունների տարանջատման սկզբունքը, գործադիրի ներկայացուցիչներին սպառնում պատժով՝ իրենց սահմանադրական իրավունքներն ու իրավասությունները պաշտպանելու համար»,-ասել է Գրիշեմը:

Նա հավելել է, որ այդ ամենը հակասահմանադրական է, այդ պատճառով Սպիտակ տունը չի մասնակցի այդ «քաղաքական թատրոնին»:

Հիշեցնենք, որ Թրամփի` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցը հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում՝ այն բանից հետո, երբ լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, որ հեռախոսազրույցը հետախուզության աշխատակցին անհանգստացնող է թվացել, և նա այդ մասին բողոք-դիմում է ուղարկել ղեկավարությանը: Ավելի վաղ հրապարակվել է հեռախոսազրույցի ձայնագրությունը, այնուհետև` նշված բողոքը: Հաստատվել է, որ Թրամփը Զելենսկուն խնդրել է հետաքննություն իրականացնել Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի պաշտոնից ազատման հանգամանքների վերաբերյալ: Շոկինը հետաքննություն էր իրականացնում Burisma Group-ի գործունեության վերաբերյալ, որի տնօրենների խորհրդի կազմում էր նաև նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդին` Հանթեր Բայդենը: Ջո Բայդենը որոշել է մասնակցել 2020 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սպիտակտուն  


Վերնագիրի այլ պիտակները