Փարիզում կողոպտիչը ճապոնացի գործարարից 840 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ժամացույց է գողացել

15:57   09 Հոկտեմբեր 2019    221

Փարիզի 5-աստղանի հյուրանոցներից մեկում գործարարի դաստակից գողացել են 840 հազար դոլար (700 000 ֆունտ ստերլինգ) արժողությամբ ժամացույցը, ինչը դարձել է իր տեսակի մեջ ամենաթանկարժեք կողոպուտը, գրում է Daily Mail-ը:

Կողոպուտը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան «Նապոլեոն» հյուրանոցի մերձակա տարածքում` Հաղթական կամարի շրջակայքում:

Ճապոնացի գործարարն ընկերոջ հետ ծխելիս է եղել, երբ նրան մի տղամարդ է մոտեցել և ծխախոտ խնդրել: Երբ ժամացույցի «տերը» ձեռքը գրպանից դուրս է հանել, կողոպտիչն իսկույն պոկել է գործարարի ժամացույցը և փախել:

Ոստիկանությունը հայտնել է, որ կողոպուտի տեսարանը տեսանկարահանվել է, և նրանք կարծում են, որ մոտակա տարածքից գտնված Huawei տեսակի բջջային հեռախոսը հենց հանցագործին է պատկանում:

Ոստիկանության աղբյուրը հայտնել է, որ հեռախոսը կարող է տանել հանցագործի հետքերով և նպաստել հանցագործի անձի բացահայտմանն ու ձերբակալմանը: Չնայած անձի անունը դեռևս հայտնի չէ, սակայն նա ենթադրաբար 30 տարեկան է եղել:

Փարիզի իրավապահների կարծիքով՝ նման կողոպուտների պատճառ են հանդիսանում նաև համացանցում առկա տեսանյութերը, որոնք մարդկանց «սովորեցնում» են թանկարժեք ժամացույցներ գողանալ:

Նշվածի արդյունքն է հանդիսանում այն հանգամանքը, որ ընթացիկ տարվա առաջին 8 ամիսների ընթացքում ընդհանուր 2 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ ժամացույցների գողության 71 դեպք է արձանագրվել:

Սա արդեն նշանակում է, որ թանկարժեք ժամացույցների կողոպուտը 2018 թվականի համեմատությամբ 28 տոկոսով աճել է:

Ծխախոտ խնդրելուց և ժամը հարցնելուց բացի, կողոպտելու հանրահայտ «տեխնիկաներից» մեկը նաև ավտոմեքենային սկուտերով հարվածելն ու վարորդից օգնություն խնդրելն է:

Կողոպուտի մարտավարական հնարքներից մեկը գիշերային ակումբներից դուրս եկող «գինովցած» կանանց և տղամարդկանց մոտենալն է:

Փարիզի ոստիկանության աղբյուրը մարդկանց կոչ է արել հանրային վայրերում «քողարկել» թանկարժեք ժամացույցները և ցույց չտալ դրանք բարերում և ռեստորաններում:

Կողոպտիչների շրջանում ամենամեծ «պահանջարկ վայելող» բրենդները Rolex-ն ու Cartier-ն են. դրանք հեշտ ճանաչելի են և կարող են առանց փաստաթղթերի վաճառվել «սև շուկայում»:

Նման ժամացույցների արժեքը տատանվում է 5000- 35 000 ֆունտ ստերլինգի սահմաններում, սակայն Richard Mille-ի Tourbillon Diamond Twister-ի արժեքը 700 000 ֆունտ ստերլինգ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները