Երեխաների զանգվածային բռնաբարության պատճառով դատապարտված բրիտանացուն սպանել են բանտում

12:46   15 Հոկտեմբեր 2019    280

Բրիտանացի Ռիչարդ Հաքլը, որը դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման բազմաթիվ սեռական հանցագործությունների համար երեխաների եւ փոքրիկների հանդեպ Մալայզիայում, բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով՝ սպանվել է բանտում, պաշտոնական իշխանություններն առայժմ միայն հաստատել են դատապարտյալի մահվան փաստը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Full Sutton բանտի կալանավորը մահացել է հոկտեմբերի 13-ին։ Տեղին չէր լինի հետագա մեկնաբանություններ տալ, քանի դեռ ոստիկանական հետաքննություն է ընթանում»,- ասել է բանտերի բրիտանական վարչության ներկայացուցիչը։

Հաքլի դատավճիռը կայացվել է 2016 թվականի հունիսին Լոնդոնի Կենտրոնական քրեական դատարանում, մեղադրյալի խոստովանական ցուցմունքների հիման վրա։ Սիրողական լուսանկարիչ Հաքլը իրեն մեղավոր է ճանաչել մեղադրանքների 71 կետով՝ կապված Մալայզիայում երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների եւ բռնության հետ։ Դատարանի տվյալներով՝ 2006-2014 թվականներին Հաքլի զոհեր են դարձել մոտ 200 երեխաներ Կուալա Լումպուրի աղքատ ընտանիքներից, որոնց տարիքը տատանվել է վեց ամսականից մինչեւ 12 տարեկանը։

Հաքլը առաջին անգամ Մալայզիա էր մեկնել 18 տարեկանում՝ որպես քրիստոնյա միսիոներ, իսկ հետո վերադարձել է այնտեղ որպես կամավոր։ Քննիչները նրա մոտ ավելի քան 20 հազար լուսանկարներ եւ տեսահոլովակներ են գտել, որոնցում պատկերված են նրա այլանդակությունները երեխաների հանդեպ։ Որոշ երեխաների նա անարգել է տարիներ շարունակ, տեսագրությունները տարածել է ինտերնետում՝ փորձելով վաստակ ապահովել դրանց միջոցով։ Բացի այդ, նա մանկապիղծի «ինքնատիպ դասագիրք» է կազմել։ Դատավոր Փիթեր Ռուքը, որը կայացրել է դատավճիռը, այն ժամանակ նշել էր, որ «շատ հազվադեպ է պատահում դատավճիռ կայացնել նման մասշտաբի սեռական հանցագործությունների համար՝ կատարված մեկ մարդու կողմից»։

Չափազանց խիստ ռեժիմի Full Sutton բանտը գտնվում է հյուսիսային Յորքշիրում, այնտեղ պահվում են 558 բանտարկյալներ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները