Սկրիպալներին «թունավորողին» նկատել են ՌԴ գլխավոր հետախուզական վարչության գեներալի դստեր հարսանիքին

15:29   15 Հոկտեմբեր 2019    296

«Ազատություն» ռադիոկայանն ու Bellingcat հետաքննող խումբը բաց աղբյուրներում գտել են ռուս հետախույզ Անատոլիյ Չեպիգայի նոր լուսանկարները, որը, Մեծ Բրիտանիայի իշխանությունների կարծիքով, «Ռուսլան Բոշիրով» անվան տակ փորձել է անգլիական Սոլսբերի քաղաքում թունավորել ՌԴ գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը:

Այս լուսանկարներն ապացուցում են ռուսական հետախուզական վարչության հետ Չեպիգայի ունեցած կապը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ Չեպիգային նկատել են նույն վարչության գեներալ-մայոր Անդրեյ Ավերյանովի դստեր հարսանիքի լուսանկարներում:

Ըստ լրագրողների՝ լուսանկարներն արվել են Սկրիպալներին թունավորելուց կես տարի առաջ:

Լրագրողները ճշտել են նաև, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը գաղտնի է պահում Ավերյանովի անձը: Տաշքենդի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարանում, որն ավարտել է Ավերյանովը, ցուցատախտակի վրա նրա նկարի փոխարեն սև պատկեր է պատկերված, անվան փոխարեն մի քանի տառ է, իսկ ավարտելու տարեթվի փոխարեն՝ հարցական նշաններ:

Ըստ «Ազատության» տվյալների՝ Ավերյանովը թիվ 29155 զորամասի հրամանատարն է: Ըստ New York Times-ի էլ՝ դա «ՌԴ գլխավոր հետախուզական վարչության գաղտնի ստորաբաժանումն է, որում պատրաստվում են դիվերսիաներ Եվրոպայի դեմ»:



Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Սկրիպալ  


Վերնագիրի այլ պիտակները