ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հետաձգել է Թրամփի պաշտոնանկության հետ կապված քվեարկությունը. Politico

10:38   16 Հոկտեմբեր 2019    303

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և դեմոկրատների առաջնորդները հետաձգել են նախագահ Դոնալդ Թրամփի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսելու քվեարկությունը, գրում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրների:

Այնուամենայնիվ, Դեմոկրատական կուսակցության ղեկավար կազմի աղբյուրը նշել է, որ որոշումը «ինչ-որ պահի» կարող է վերանայվել:

Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփի`Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ այն բանից հետո, երբ լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, որ հեռախոսազրույցը հետախուզության աշխատակցին անհանգստացնող է թվացել, և նա այդ մասին բողոք-դիմում է ուղարկել ղեկավարությանը: Ավելի վաղ հրապարակվել է հեռախոսազրույցի ձայնագրությունը, այնուհետև` նշված բողոքը:

Հաստատվել է, որ Թրամփը Զելենսկուն խնդրել է հետաքննություն իրականացնել Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի պաշտոնից ազատման հանգամանքների վերաբերյալ: Շոկինը հետաքննություն էր իրականացնում Burisma Group-ի գործունեության վերաբերյալ, որի տնօրենների խորհրդի կազմում էր նաև նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդին` Հանթեր Բայդենը: Ջո Բայդենը որոշել է մասնակցել 2020 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները