Բուլղարացի բժիշկները կես օր փնտրել են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքի մեջ մոռացված ծեր հիվանդին

18:16   19 Հոկտեմբեր 2019    363

Բուլղարիայում բժիշկները կորցրել էին ծեր հիվանդին, որին փնտրել են կես օր:

Կնոջը հիվանդանոց էին տեղափոխել թոքաբորբով: Երբ նրա մոտ տեսակցության է եկել դուստրը՝ Ստեֆկա Սաբինովան, մորը չի գտել պալատում: Երբ նա սկսել է հետաքրքրվել, հիվանդանոցի աշխատակիցներից ոչ ոք չի իմացել նրա տեղը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նրանք ենթադրում էին, թե այն ախտորոշումը, որը նրան տվել են, վախեցրել է ծեր կնոջը, և նա փախել է հիվանդանոցից»,- նշել է Ստեֆկան:

Թոշակառուին փնտրել են 6 ժամ և կարողացել են գտնել փակ սենյակում, որտեղ դրված է եղել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքը:

«Ես ձայն լսեցի միջանցքում, հետո լույսը վառվեց, և ես սկսեցի բղավել»,- պատմել է թոշակառու Ասենկա Խրիստովան:

Պարզվել է, որ բժշկի օգնականը կնոջը մտցրել է մագնիսառեզոնանսային սարքի մեջ՝ հետազոտության համար, հետո մոռացել է հիվանդի մասին և հեռացել:

Կնոջն արդեն տեղափոխել են այլ կլինիկա: Հարազատները մտադրված են դատական հայց ներկայացնել հիվանդանոցի անձնակազմի և ղեկավարության դեմ՝ հիվանդի նկատմամբ նման անպատասխանատու վերաբերմունքի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները