Իսրայելի նախագահը կառավարություն ձևավորելու մանդատը վստահել է Բենի Գանցին

09:48   23 Հոկտեմբեր 2019    207

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, հիմք ընդունելով սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքները, որոշել է նախարարների կաբինետի ձևավորման մանդատը վստահել «Կահոլ-Լավան» ցենտրիստական դաշինքի առաջնորդ Բենի Գանցին այն բանից հետո, երբ հոկտեմբերի 21-ին գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրաժարվեց այդ մանդատից:

«Հոկտեմբերի 22-ին Ռիվլինը հանդիպել է Կնեստի բոլոր խմբակցությունների անդամների հետ, նրանց հետ քննարկել նոր թեկնածուի հարցը: Կուսակցությունների հետ խորհրդակցություններից հետո, որոնց դիրքորոշումն անփոփոխ է մնացել, նախագահը որոշել է կաբինետի ձևավորումը վստահել «Կահոլ-Լավանի» առաջնորդ Բենի Գանցին, մանդատի հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին»- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է Իսրայելի նախագահի մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել էր երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինին, որ վերադարձնում է կառավարություն կազմելու մանդատը: Ավելի վաղ, Ռիվլինը Նեթանյահուին մանդատ էր հանձնել կոալիցիոն կառավարություն կազավորելու համար։ Բանակցությունների և կառավարության կազմը հստակեցնելու համար նրան 28 օր էր տրվել, սակայն Նեթանյահուին չէր հաջողվել «իր թևի տակ հավաքել» 55 պատգամավորի: Համաձայն օրենքի՝ Գանցին կառավարություն ձևավորելու համար նույնպես կտրամադրվի 28 օր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները