Ջոնսոնի կառավարությունն արագացնում Է առանց գործարքի Brexit-ի նախապատրաստումը

11:17   23 Հոկտեմբեր 2019    192

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարագացնի առանց Բրյուսելի հետ գործարքի ԵՄ-ից դուրս գալու նախապատրաստումը եւ ժամանակավորապես կասեցնում Է երկրի խորհրդարանի կողմից Brexit-ի վերաբերյալ օրինագծի քննարկումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ պատգամավորների առջեւ ելույթ ունենալով այն բանից հետո, երբ Համայնքների պալատը հոկտեմբերի 22-ին հրաժարվեց կառավարության կողմից ներկայացված օրինագիծն արագացված ընթացակարգով քննարկելուց, ինչը կարող Էր թույլ տալ Brexit-ն իրականացնել սահմանված ժամկետում:

«Մենք պետք Է ԵՄ-ից դուրս գայինք հոկտեմբերի 31-ին, բայց այժմ մեր առջեւ դարձյալ անորոշություն Է, իսկ ԵՄ-ն պետք Է որոշի, թե ինչ Է պատասխանելու նոր հետաձգման վերաբերյալ խորհրդարանի խնդրանքին: Դրա առաջին հետեւանքն այն Է, որ կառավարությունը, գործելով միակ հնարավոր ու պատասխանատու ձեւով, արագացնում Է առանց գործարքի Brexit-ի նախապատրաստումը,-ասել Է Ջոնսոնը՝ հիասթափություն հայտնելով պատգամավորների որոշումից:- Երկրորդ՝ նախքան ԵՄ-ն որոշում կընդունի Brexit-ի հետաձգման վերաբերյալ, ես Եվրամիության երկրների հետ կքննարկեմ նրանց մտադրությունները: Քանի դեռ այն չի ընդունվել, մենք կկասեցնենք օրինագծի քննարկումը»:

Հոկտեմբերի 22-ի երեկոյան բրիտանական խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել Է օրինագիծ, որում ներառված Է «ապահարզանի» պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ նոր համաձայնագրի տեքստը: Այդպիսով, Brexit-ի շուրջ գործարքը, որը ձեռք Էր բերվել ԵՄ-ի հոկտեմբերի 17-ի գագաթնաժողովում, ըստ Էության հավանության Է արժանացել բրիտանացի խորհրդարանականների կողմից: Կողմ Է քվեարկել Համայնքների պալատի 329 անդամ, դեմ Է արտահայտվել 299 պատգամավոր: Դա առաջին քվեարկությունն Էր խորհրդարանում, որը Ջոնսոնի կառավարությունը շահել Է այս տարվա հուլիսին իշխանության գալուց հետո:

Այդուհանդերձ, արդեն մի քանի րոպե անց նախարարների կաբինետը խիստ ցավագին պարտություն կրեց Համայնքների պալատի կողմից Brexit-ի մասին բիլլի քննարկման ժամկետներին վերաբերող հանգուցային հարցում: Կառավարությունն ընդամենը երեք օր Էր հատկացնում այն բանի համար, որ խորհրդարանականները քննարկեն այն եւ երրորդ ընթերցմամբ ընդունեն օրենք, որը կկարգավորի Brexit-ի առաջիկա գործընթացը: Այդչափ կարեւոր փաստաթուղթը նման կարճ ժամանակում քննարկելուց հրաժարվել Է 322 պատգամավոր, այն դեպքում, երբ 308-ը պատրաստ Էին աշխատել Ջոնսոնի առաջարկած ժամանակացույցով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջոնսոն   Brexit  


Վերնագիրի այլ պիտակները