Ասանժի հայրը հայտարարել է, որ որդուն բրիտանական բանտում վտանգ է սպառնում

12:53   09 Նոյեմբեր 2019    217

WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հայրը՝ Ջոն Շիպտոնը հայտարարել է, որ որդին կարող է մահանալ բանտում՝ ԱՄՆ-ի ռազմական հանցագործությունները բացահայտելու համար 9 տարվա հետապնդումներից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Շիպտոնն ասել է, որ երկու օր առաջ տեսակցել է որդուն բրիտանական բանտում և առերեսվել «դառը ճշմարտությանը». որդուն այնտեղ վտանգ է սպառնում:

Ավելի վաղ Շիպտոնը բրիտանական Բելմարշ բանտում որդու ազատազրկման պայմանները տանջալից էր անվանել: Նրա խոսքով՝ WikiLeaks-ի հիմնադիրը բանտում ֆիզիկական և հոգեբանական մեծ տառապանքների է ենթարկվում և կորցնում է քաշը: Օգոստոսին հոր հետ կայացած հանդիպման ժամանակ Ասանժը նյարդային է եղել և դողացել է:

2010-ին Շվեդիայում Ասանժին մեղադրել են բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար: Գտնվելով Լոնդոնում՝ նա ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը, կալանավորվել է, այնուհետև ազատ արձակվել գրավի դիմաց: 2011-ին որոշում է կայացվել նրան Շվեդիա արտահանձնելու մասին, որը վերջինս բողոքարկել է:

2012-ին նա ապաստան է ստացել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ 7 տարի է անցկացրել: 2018-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել նրա դեմ, սակայն այն «գաղտնի է պահվում»: ԱՄՆ արտահանձնման դեպքում նրան երկարատև ազատազրկում է սպառնում՝ լրտեսության համար: Ասանժն, իր հերթին, բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ում իրեն կարող են սպանել:

Hayatsk.info

Հեշթեգներ: WikiLeaks  


Վերնագիրի այլ պիտակները