Չիլիի նախագահը ցուցարարներին խաղաղության հաստատման երեք տարբերակ է ներկայացրել

13:26   13 Նոյեմբեր 2019    225

Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերան ցույցերը և անկարգությունները դադարեցնելու համար ցուցարարներին երեք առաջարկ է ներկայացրել, գրում է РИА Новости-ն:

«Առաջին համաձայնագիրը հօգուտ խաղաղության է և ընդդեմ բռնության. բռնությունը, որ մեզ այդքան վնաս է հասցրել, անխոս, պետք է դատապարտվի: Երկրորդ համաձայնագիրը արդարության մասին է. պետք է հզոր սոցիալական օրակարգ սահմանել: Երրորդ համաձայնագիրը կարող է լինել նոր սահմանադրության մասին՝ քաղաքացիների կարծիքը հաշվի առնելով», - ասել է Պինյերան՝ հավելելով, որ երկրի նոր սահմանադրության հետ կապված վճռական խոսքը ժողովրդին է պատկանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ ավելի քան երեք շաբաթ է՝ Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի Plaza Italia հրապարակում են հավաքվում անարդարության դեմ պայքարող հազարավոր ցուցարարներ: Ամբոխը վանկարկում է, ծածանում Չիլիի ազգային դրոշները՝ բջջային հեռախոսների լույսերը վառած:

Հոկտեմբերի 6-ին Չիլիի իշխանությունները մետրոյի ուղեվարձը 30 չիլիական պեսոյով (0,042 դոլար) բարձրացնելու որոշում են կայացրել, ինչը բողոքի ցույցերի պատճառ էր դարձել: Սկզբում խաղաղ ակցիաներն այնուհետև վերաճել են իրավապահների հետ բախումների: Ցուցարարները բարիկադներ են կառուցել մետրոյի կայարանների մոտ՝ զգալի վնաս հասցնելով մետրոպոլիտենին: Նրանք նաև խանութներ և ավտոբուսներ են այրել, երկրի մեծ քաղաքներում փողոց էր դուրս բերվել զրահատեխնիկա:

Օրեր առաջ սևազգեստ ցուցարարների մի խումբ թալանել է La Asuncion շրջանի մերձակայքում գտնվող եկեղեցին: Ցուցարարները դուրս են բերել եկեղեցու նստարանները, Հիսուսի արձանները, եկեղեցական կտավները և այլ խորհրդանշական իրեր և դրանց մեծամասնությունը կրակի մատնել: Եկեղեցու թալանին ի պատասխան՝ իշխանություններն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են օգտագործել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չիլի   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները