«Թող ինձ ինչ ժամկետ ուզում են տան, բայց նրանց ազատ արձակեն». Աթամբաև

14:20   13 Նոյեմբեր 2019    289

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևն իր կողմնակիցների կողմից չորեքշաբթի տարածված հայտարարության մեջ պահանջել է ազատ արձակել իր աջակիցներին, որոնք ձերբակալվել են նախկին նախագահի ձերբակալության հատուկ գործողության ժամանակ անկարգությունների պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Արդար և գլխավորը՝ օրինական կլինի ազատ արձակել այն մարդկանց, որոնք ձերբակալվել են 2019 թվականի օգոստոսի 7-8-ը Կոյ Տաշ գյուղում տեղի ունեցած դեպքերի գործով»,- գրել է Աթամբաևը հայտարարության մեջ:

Նախկին նախագահի խոսքով՝ այժմյան իշխանությունը շատ լավ հասկանում է, որ այդ մարդիկ մեղավոր չեն, և պատրաստակամություն է հայտնել, որ ինքը պատիժ կրի, բայց այդ մարդիկ ազատ արձակվեն:

«Եթե ինչ-որ հարցեր կան, թող ինձ տան դրանք: Թող ինձ ինչ ժամկետ ուզում են տան, ես այս իշխանության օրոք ամեն ինչի պատրաստ եմ: Բայց բոլոր մարդիկ, ովքեր ձերբակալվել են օգոստոսի 7-8-ի դեպքերի գործով, պետք է ազատ արձակվեն: Նրանք մեղավոր են զուտ նրա համար, որ հավատացել են արդարությանը, օրենքներին, երկրի սահմանադրությանը»,- հայտարարել է նախկին նախագահը:

Օգոստոսի 7-8-ի դեպքերն Աթամբաևը բնութագրել է որպես հատուկջոկատայինների ապօրինի ներխուժում իր տուն:

Նշենք, որ Ղրղզստանի նախկին ղեկավարին մեղադրանքներ են առաջադրվել սպանության և այլ առանձնապես ծանր հանցագործությունների համար։ Ընդհանուր առմամբ, նա մեղադրվում է 12 քրեական գործերով, այդ թվում՝ սպանություն, զանգվածային անկարգությունների կազմակերպում, կոռուպցիա և այլն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աթամբաև  


Վերնագիրի այլ պիտակները