«Կլիմայական հարցերի ջատագով» Առնոլդ Շվարցենեգերը քաղաքում «տանկով» է շրջում

19:24   13 Նոյեմբեր 2019    243

Հոլիվուդյան հանրահայտ դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը, որը վերջին տարիներին հայտնի է կլիմայի վերաբերյալ կոչերով և բնապահպանական նախաձեռնություններով, քաղաքում տանկով է շրջում, գրում է Page six-ը:

«Տերմինատոր» ֆիլմաշարի 72-ամյա աստղին Սանտա Մոնիկայում նկատել են «ռազմական փոխադրամիջոց վարելիս»: Աղբյուրի հաղորդմամբ՝ Pinzgauer տեսակի ամենագնաց «տանկ-մեքենայի» արժեքը տատանվում է 18 000 դոլարից մինչև 70 000 դոլարի սահմաններում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրը նշում է նաև, որ 2011 թվականին դերասանը հիմնել է R20 (Regions of Climate Action) կազմակերպությունը՝ տարբեր պետությունների, ընկերությունների և կազմակերպությունների միջև դաշինք, որը միտված է խթանելու «կանաչ տնտեսությունը» և պայքարելու կլիմայական փոփոխությունների դեմ:

Օրեր առաջ Շվարցենեգերը հանդիպել էր 16-ամյա շվեդ աշակերտուհի և բնապահպան Գրետա Տունբերգի հետ: Դերասանն անձամբ էր կազմակերպել Գրետայի հետ հանդիպումը. դերասանը դեռահաս ակտիվիստին, ըստ հաղորդման, ուղեկցել էր իր Tesla էլեկտրամեքենայով: Նրանք Սանտա Մոնիկայում միասին հեծանիվ էին վարել, Գրետան նաև հանդիպել էր Շվարցենեգերի դստեր՝ Քրիստինայի հետ:

Կալիֆոռնիայի նախկին նահանգապետը Գրետայի հետ հանդիպման լուսանկարը տեղադրել էր Instagram-ում՝ գրելով. «Հաճելի էր անցյալ շաբաթ հանդիպել իմ ընկեր ու հերոս Գրետա Տունբերգին և նրա հետ Սանտա Մոնիկայում հեծանիվ վարել: Ես մեծ ոգևորությամբ եմ նրան ներկայացրել աղջկաս՝ Քրիստինային: Շարունակիր ոգեշնչել, Գրետա»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆոռնիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները