Նա շնից լավն է. Թրամփը` Բայդենի վերաբերյալ Փհենյանի որակումների մասին

16:17   18 Նոյեմբեր 2019    301

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է Ջո Բայդենին և ասել, որ Հյուսիսային Կորեան ընտրությանն իր հավանական հակառակորդին անարդարացիորեն անվանել է «կատաղած շուն», հայտնում է The Guardian-ը:

Սպիտակ տան ղեկավարը Փհենյանին նաև հիշեցրել է, որ միայն Ամերիկան կարող է օգնել նրան իր նպատակներին հասնելու հարցում և կոչ է արել ավելի արագ կնքել միջուկային գործարք:

«Գուցե Ջո Բայդենը քնկոտ է և շատ դանդաղաշարժ,- գրել է Թրամփը Twitter-ում,- բայց նա կատաղած շուն չէ: Իրականում նա ավելի լավն է»:

Նշվում է, որ ԱՄՆ նախագահը քննադատել է Փհենյանին միջուկային զենքի վերաբերյալ դադարեցված բանակցությունները վերսկսելու փորձերի ֆոնին: Թրամփը ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինին խնդրում է «գործարք կնքել», որի համար ԱՄՆ-ն և Հարավային Կորեան կիրակի որոշել են հետաձգել համատեղ տարեկան օդային զորավարժությունները: Փհենյանում դրանք համարվում են ներխուժման փորձ: Երկիրը սահմանել է մեկ տարվա ժամկետ՝ ԱՄՆ-Հյուսիսային Կորեա հարաբերությունները փրկելու համար փոխադարձաբար ընդունելի ծրագիր մշակելու համար. ժամկետը լրանում է դեկտեմբերի վերջին:

Բացի Բայդենին պաշտպանելուց, Սպիտակ տան ղեկավարը գրել է նաև Կիմ Չեն Ինի հետ մեկ այլ հանդիպման մասին փետրվարին Հանոյում ձախողված բանակցություններից հետո:

«Ես միակն եմ, ով կարող է ձեզ տանել այնտեղ, որտեղ ուզում եք: Ուստի արագ գործեք, գործարք կնքեք»,- նշել է Թրամփը:

Սակայն մինչ այժմ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերն ընդգծել է, որ զորավարժությունները հետաձգելով՝ Միացյալ Նահանգները ոչ մի դեպքում չի զիջում Փհենյանին:

«Չեմ կարծում, որ սա զիջում է»,- նրա խոսքերը մեջբերում է The Guardian-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Փհենյան  


Վերնագիրի այլ պիտակները