Բոլիվիայի իշխանությունները մի շարք նախկին նախարարների արգելել են երկրից դուրս գալ

16:20   20 Նոյեմբեր 2019    275

Բոլիվիայի նոր իշխանությունները երկրից դուրս գալու թույլտվություն չեն տվել Էվո Մորալեսի կառավարության մի քանի նախկին նախարարների, որպեսզի նրանք մնան եւ մասնակցեն երկրում ստեղծված իրավիճակի կարգավորման երկխոսությանը, հայտնում է Razon պարբերականը՝ վկայակոչելով Բոլիվիայի ժամանակավոր նախագահի աշխատակազմի ղեկավար Խերես Խուստինիանոյին:

Խուստինիանոն ո՛չ անուններ է հայտնել, ո՛չ նախարարների թիվը, որոնց վերաբերում է խոսքը: Ըստ պարբերականի՝ ենթադրվում է, որ նրանք ի դեմս Մորալեսի MAS կուսակցության պետք է մասնակցեն երկրի ժամանակավոր կառավարության հետ երկխոսությանը:

«Մենք կարծում ենք, որ նրանք կարող են դառնալ երկխոսության լիարժեք մասնակիցներ, իսկ եթե գնան, ում հետ պետք է այն վարենք»,- հայտարարել է Խուստինիանոն:

Բոլիվիայի ԱԳՆ-ն ավելի վաղ խոստացել էր երկրի նախագահի պաշտոնից Էվո Մորալեսի հեռանալու մասին հայտարարած MAS («Շարժում դեպի սոցիալիզմ») կուսակցության 24 քաղաքական գործիչների օգնել երկրից անվտանգ հեռանալ Մեքսիկա:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ԱԳՆ-ն նախկին նախագահ Էվո Մորալեսի դստերը՝ Էվալիս Մորալես Ալվարադոյին, ինչպես նաեւ բնիկ ժողովուրդների կողմից ընտրված պատգամավոր Մարի Պոնյեին թույլտվություն տվել է, որոնք հիմա պատսպարվել են Մեքսիկայի դեսպանատանը:

Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ընտրություններում Մորալեսը հաղթել էր աննշան տարբերությամբ, բայց ընդդիմությունը հայտարարել էր զանգվածային խախտումների մասին:

Մորալեսը նախ հայտարարել էր նոր ընտրություններ անցկացնելու մասին, բայց հետո զինվորականների ճնշմամբ պաշտոնից հեռացել էր եւ երկիրը լքել: Նրան հետեւել էր երկրի ամբողջ բարձրագույն ղեկավարությունը եւ հրաժարական տվել, իշխանությունն անցել էր Սենատի ընդդիմադիր փոխխոսնակ Ժանին Անյեսին: Մորալեսի կողմնակիցները վիճարկում են լիազորությունները Անյեսին փոխանցելը եւ պահանջում նրա հրաժարականը:

Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Բոլիվիայում հոկտեմբերի 20-ից բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 23 մարդ, 715-ը վնասվածքներ է ստացել, 624-ը՝ կալանավորվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները