Տիեզերքը դարձել է ՆԱՏՕ-ի գործողությունների հինգերորդ ոլորտը

16:43   21 Նոյեմբեր 2019    278

ՆԱՏՕ-ն տիեզերքը հայտարարել է գործողությունների անցկացման առանձին ոլորտ: Չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 20-ին, կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարները տիեզերքը ճանաչել են որպես առանձին տարածություն՝ ցամաքի, օդի, ջրի և կիբերտարածքի հետ միասին:

«Տիեզերքն անհրաժեշտ է դաշինքի կողմից պաշտպանության և զսպիչ միջոցառումների համար»,- հավելել է Ստոլտենբերգը: Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն իր զենքը չի պատրաստվում տեղակայել տիեզերքում:

Հունիսին ՆԱՏՕ-ն մշակել է իր առաջին տիեզերական ռազմավարությունը: Նախևառաջ, դաշինքը մտադիր է պաշտպանել արբանյակները, որոնք կարևոր են առաքելությունների ընթացքում հաղորդակցության, տեղորոշման, հրթիռների արձակման մասին վաղ նախազգուշացման համակարգերի և հակամարտության գոտիներում իրավիճակի մասին հաղորդագրությունների համար:

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտավախություն ունի, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը և Ռուսաստանը, ուսումնասիրել են արբանյակների գործունեությունը սահմանափակելու և ոչնչացնելու հնարավորությունները:
Ստոլտենբերգը նշել է, որ ներկայումս շուրջ 2000 արբանյակ է պտտվում երկրի շուրջ: Դրանց գրեթե կեսը պատկանում է ՆԱՏՕ-ի երկրներին:
«Արբանյակները կարող են արգելափակվել ռադիո ազդանշաններով, կոտրվել կամ կարող է զենք տեղակայվել:

Հակաարբանյակային զենքը կարող է ոչնչացնել հաղորդակցությունը և այլ ծառայություններ, որոնց ապավինում է հասարակությունը, ինչպիսիք են օդային երթևեկությունը, եղանակի կանխատեսումը կամ բանկային հատվածը»,- ասել է Ստոլտենբերգը:

Նա նաև ասել է, որ, մասնավորապես, ԱՄՆ-ը և Ֆրանսիան գտնվում են տիեզերական զենքի մշակման փուլում: Ավելի վաղ Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը հայտարարել էին իրենց տիեզերական հնարավորությունների ընդլայնման մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները