Սկանդալային տեսանյութի հրապարակումից հետո Սերբիայի նախագահը ՌԴ-ին մեղադրել է լրտեսության համար

14:19   22 Նոյեմբեր 2019    213

Սերբիայի հատուկ ծառայությունները բացահայտել են լայնամասշտաբ հետախուզական օպերացիա, որը միասին իրականացնում էին ռուս լրտեսներն ու սերբ զինվորականները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, գրում է golos-ameriki.ru կայքը:

Վուչիչը հայտարարությամբ է հանդես եկել Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, որը հրավիրվել էր YouTube-ում սկանդալային տեսանյութի հրապարակումից հետո: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցը Բելգրադում գումար փոխանցում Սերբիայի քաղաքացուն:

Սերբական իշխանությունները նշել են գումարը փոխանցող ռուսաստանցու անունը՝ նա եղել է փոխգնդապետ Գեորգի Կլեբանը, որը Բելգրադում Ռուսաստանի դեսպանատան ռազմական կցորդի նախկին աշխատակիցն է: Նրա սերբ գործընկերը սերբական բանակի նախկին սպա է, ում անունն ամբողջությամբ Սերբիայի նախագահը չի նշել՝ հայտնելով միայն սկզբնատառերը՝ Զ. Կ.:

Նախագահի խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերին, իսկ տեսանկարահանողի մասին տեղեկություններ Վուչիչը չի հայտնել:

Նա պատմել է, որ սերբ գործակալներին, որոնք հետևում էին Զ.Կ.-ին, չի հաջողվել «հեռու տարածությունից բացի» այլ կերպ նկարահանել ռուս և սերբ սպաների հանդիպումը, քանի որ Կլեբանին ուղեկցում էին թիկնապահները, սակայն գործակալներին հաջողվել է դա անել այլ դեպքերում:

«Մի քանի դեպքերում սերբական հատուկ ծառայությունները ձայնագրություններ և տեսանյութեր են արել, որոնք ապացուցում են փոխգնդապետ Կլեբանի և սերբական բանակի զինծառայողների կապը»,- նշել է Սերբիայի նախագահը:

Վուչիչը հայտարարել է նաև, որ իրենք ապացույցներ ունեն նաև այլ ռուս լրտեսների մասին: Նա նաև լրտեսության համար մեղադրել է մի քանի արևմտյան երկրների ռազմական ներկայացուցչություններին՝ Սերբիայում լրտեսություն անելու համար:

Միևնույն ժամանակ, սերբ առաջնորդը համոզմունք է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացված չի եղել կատարվածի մասին, և նշել է, որ Սերբիան չի փոխի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, որին համարում է բարեկամ և եղբայրական երկիր:

«Բայց մենք կուժեղացնենք հետախուզության ոլորտում մեր պաշտպանությունը...Այսօր ես հարցրի ռուս դեսպանին միայն մի բանի մասին՝ «Ինչո՞ւ»»,- ասել է Վուչիչը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Սերբիա  


Վերնագիրի այլ պիտակները