Հնդկաստանում կին ոստիկանն ամուսնության առաջարկ է արել հանցագործին ու ձերբակալել նրան տաճարում

16:04   02 Դեկտեմբեր 2019    145

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում կին ոստիկանը 16 քրեական գործով հետախուզման մեջ գտնվող հանցագործին բռնելու նպատակով որոշել է «ամուսնանալ» նրա հետ:

Ինչպես գրում է theguwahatitimes.info կայքը, հանցագործը՝ Բիջուրի գյուղի բնակիչ Բալկիշան Չոբեյը, որը մեղադրվում է սպանության համար, կարողացել է տևական ժամանակ փախչել ոստիկաններից: Իրավապահների խոսքով՝ ամեն անգամ, երբ իրենք պատրաստվում էին բռնել հանցագործին, նա իրենց «հիմարեցնում» էր:

Որոշ ժամանակ անց պարզվում է, որ հանցագործը ցանկանում է ամուսնանալ ու կին է փնտրում: Ոստիկանությունը որոշում է կին ոստիկանի միջոցով ծուղակը գցել Չոբեյին: Կինը, հետևելով նախապես կազմված սցենարին, սկզբում գրանցվում է ծանոթությունների կայքերում ու գրում, որ փեսացու է փնտրում: Ապա նա զանգահարում է հանցագործի բջջային համարին ու ասում՝ իբրև սխալվել է: Անծանոթուհին Չոբեյին հետաքրքրում է, և նա սկսում է զրուցել կնոջ հետ: Հետո նա այդ համարով որոնում է անում համացանցում ու ծանոթությունների կայքերում գտնում նրա կեղծ էջերը: Մեկ շաբաթ հեռախոսով պարբերաբար զրուցելուց հետո կինը Չոբեյին առաջարկում է մտածել ամուսնության մասին:

Արդյունքում նրանք պայմանավորվում են հանդիպել տաճարներից մեկում ու ամուսնության երդում տալ:

Երբ փեսացուն նշանակված ժամին գալիս է տաճար, նրա հարսնացուն ու քաղաքացիական հագուստով մյուս ոստիկաններն անմիջապես ձերբակալում են հանցագործին:

Չոբեյն այժմ գտնվում է բանտում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները