Ադրբեջանի տարածքների ռազմական օկուպացիան լուծում չէ. Էլմար Մամեդյարով

09:00   06 Դեկտեմբեր 2019    884

Ընդամենը երկու շաբաթ առաջ տեղի ունենած Նախարարների խորհրդի վերջին հանդիպումից հետո մենք կարողացել ենք հումանիտար ոլորտի որոշակի միջոցառումներ համաձայնեցնել և իրականացնել, ինչպես օրինակ հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 26-րդ նիստում:

«Այնուամենայնիվ, եթե քաղաքական գործընթացում առաջընթաց չգրանցվի, ապա այդպիսի քայլերը արդյունքներ չեն տա: Դրանք չեն կարող փոխարինել բանակցությունների գործընթացը», - ասել է Մամեդյարովը:

Նա ընդգծել է, որ հակամարտության կարգավորման գործընթացը հիմնվում է աստիճանական մոտեցման վրա և որ այլընտրանք՝ այդ մոտեցմանը, չի կարող լինել:

Մամեդյարովի խոսքով՝ առաջին քայլը հակամարտության հետևանքների վերացումը պետք է լինի, որի շարքում նախարարը նշում է Ղարաբաղից Հայաստանի Զինված ուժերի դուրսբերումը, հարկադրաբար տեղահանվածների վերադարձը:

«Ստատուս քվոն պետք է սահմանվի իրավական գործընթացի շրջանակներում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության, այսինքն՝ հայ և ադրբեջանական համայնքների իրավահավասար մասնակցությամբ»,- նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

«Հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն միջազգային մակարդակով ճանաչված Ադրբեջանի սահմանների շրջանակներում: Ադրբեջանի տարածքների ռազմական օկուպացիան լուծում չէ և երբեք չի տա Հայաստանի ցանկացած քաղաքական արդյունքը: Ադրբեջանը հավատարիմ է հակամարտության կարգավորման գործընթացին՝ հիմնվելով տրամաբանական մոտեցման վրա»,- ավարտել է Մամեդյարովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Մամեդյարով  


Վերնագիրի այլ պիտակները