Հարավային Սուդանի վարչական բաժանման հարցը կորոշվի հանրաքվեով

10:36   07 Դեկտեմբեր 2019    405

Հարավային Սուդանի իշխանությունները հայտարարել են, որ երկրի նոր վարչական բաժանումների և նահանգների քանակի հարցը կորոշվի հանրաքվեի միջոցով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ուրբաթ հաղորդել է հարավսուդանական Radio Tamazuj-ը:

«Հարավային Սուդանի նախագահը համարում է, որ միայն հանրաքվեն կկարողանա լուծել այս հարցը և բացառել ճգնաժամը»,- ասել է Նախարարների կաբինետի հարցերով նախարար Մարտին Էլիա Լոմորոն երկրի մայրաքաղաք Ջուբայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ընթացիկ շաբաթվա ընթացքում՝ 3 օր, կառավարությունն ու ընդդիմությունը փորձել են փոխզիջումներ գտնել Հարավային Սուդանի վարչական նոր բաժանման հարցում: Զինված ապստամբներին գլխավորող Ռիեկ Մաշարի ղեկավարմամբ ընդդիմությունը հանդես է գալիս 10 նահանգներով նախկին համակարգին վերադառնալու օգտին: Իր հերթին, երկրի նախագահ Սալվա Կիիրը պնդում է պահպանել Հարավային Սուդանի ներկայիս վարչական բաժանումը՝ 32 նահանգներ:

Լարված բանակցությունների ընթացքում կողմերը չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ:

Այժմ Հարավային Սուդանի նախագահը մտադիր է այս հարցի առնչությամբ հանրաքվե անցկացնել: Ընդդիմությունը դեռևս այս նախաձեռնության վերաբերյալ իր վերաբերմունքը չի արտահայտել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հարավային-Սուդան  


Վերնագիրի այլ պիտակները