ԵՄ-ը ողջունել է Փարիզում «Նորմանդական գագաթնաժողովի» արդյունքները

21:24   10 Դեկտեմբեր 2019    301

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դեկտեմբերի 10-ին Փարիզում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած «Նորմանդական գագաթնաժողովը» առաջին քայլն է Ուկրաինայում հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհին:

«Ես ողջունում եմ հրադադարի, ուժերի տարանջատման, գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածության հասնելուն ուղղված Ֆրանսիայի ու Գերմանիայի ջանքերը: Դա առաջին քայլն է քաղաքական կարգավորման գործընթացում առաջ շարժվելու մեջ»,- ասել է նա: Բորելի խոսքով՝ «Ռուսաստանի հետ հարաբերությունները կրիտիկական կերպով կախված են այն բանից, թե կգտնվի արդյոք հակամարտության երկարաժամկետ լուծում», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես արդեն տեղեկացվել է, «Նորմանդական քառյակի» երկրների ղեկավարները Փարիզում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունել են պաշտոնական հաղորդագրություն: Ընդամենն ամփոփիչ փաստաթղթում նշված է երեք կետ. «Անհապաղ միջոցներ հակամարտության գոտու իրադրության կայունացման ուղղությամբ», «Մինսկի համաձայնագրերի քաղաքական դրույթների իրականացման միջոցառումներ» և «Շարունակություն»:

Մասնավորապես, կողմերը հավանություն են տվել Դոնբասի երեք նոր հատվածում մինչեւ 2020 թվականի մարտի վերջն ուժերի հեռացման պլանին: «Նորմանդական քառյակի» ղեկավարները պայմանավորվել են հավանություն տալ Դոնբասում 30 օրվա ընթացքում նոր անցակետերի բացման շուրջը շփման խմբի համաձայնություններին: Նաև քննարկվել է մինչև 2019 թվականի վերջը ռազմագերիների փոխանակման հարցը՝ «բոլորին բոլորով» սկզբունքով:

Ընդհանուր առմամբ բանակցությունները տևել են 5,5 ժամ, որից 1,5 ժամը հատկացվել է Պուտինի հանդիպմանն ուկրաինացի իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրամիություն   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները