«Մենք հույս ունենք, որ նախագահ Զելենսկին խստորեն կհետևի իր նախընտրական խոստումներին». Լավրով

10:05   11 Դեկտեմբեր 2019    439

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Դոնբասում իրադրության կարգավորման շուրջ Փարիզում կայացած գագաթնաժողովը և Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու երկկողմ հանդիպումն անցել են կառուցողական մթնոլորտում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ՌԴ ԱԳ նախարարը լրագրողներին պատմել է դեկտեմբերի 10-ին Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակում:

«Բանակցությունների մթնոլորտը և´ նորմանդական ձևաչափով, և´ այնուհետև նախագահներ Պուտինի և Զելենսկու միջև կառուցողական էր, ես կասեի՝ փոխադարձ հարգալից և պրագմատիկ»,- նշել է Լավրովը:

Նա նշել է նաև, որ առաջնորդների զրույցն անցել է «առանց բարձրագոչ հայտարարությունների», և կողմերը ցուցադրել են հակամարտության իրական լուծում գտնելու պատրաստակամություն:

«Մենք հույս ունենք, որ նախագահ Զելենսկին խստորեն կհետևի իր նախընտրական խոստումներին՝ դադարեցնել պատերազմը, դադարեցնել մարդկային կորուստը և խաղաղություն ապահովել Ուկրաինայի ամբողջ տարածքում: Դա կարելի է իրագործել՝ Մինսկի պայմանավորվածությունները կատարելով»,- ընդգծել է ԱԳ նախարարը:

Միաժամանակ Լավրովը հավելել է, որ Ուկրաինայում կան ուժեր, որոնք փորձում են խափանել խաղաղ կարգավորման գործընթացը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները