«Ես երբեք չէի ստորագրի Մինսկի համաձայնագրերը». Զելենսկի

12:26   13 Դեկտեմբեր 2019    291

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքն ազդեցություն չունի Հետաքննությունների պետական բյուրոյի վրա, որը քրեական վարույթ է բացել Ուկրաինայի 5-րդ նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ՝ 2015 թվականին Մինսկի համաձայնագրերը ստորագրելու ժամանակ պետական դավաճանության հնարավոր իրականացման մեղադրանքով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

«Անկեղծ, ես ոչ մի ազդեցություն չունեմ Հետաքննությունների պետական բյուրոյի վրա, ինչպես և ցանկացած այլ իրավապահ մարմնի: Բայց մենք շաբաթը մեկ անգամ հանդիպում ենք բոլոր իրավապահ մարմինների հետ, պարզում ենք, թե ինչ է կատարվում մեր երկրում, ինչպիսին է քրեածին իրավիճակը և այլն: Բայց ես ձեզ կարող եմ իմ կարծիքն ասել սրա վերաբերյալ: Ես կարծում եմ, որ Պյոտր Պորոշենկոյի ետևում շատ մեղքեր են թաքնված, որոնք կապված են և՛ իր, և՛ իր շրջապատի հետ: Ինձ համար դժվար է մեկնաբանել այս գործը, որովհետև, անկեղծ ասեմ, ես երբեք չէի ստորագրի այդպիսի համաձայնագիր»,-ընդգծել է Զելենսկին:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ ինքը չգիտի, թե կոնկրետ ինչ պայմաններում է ստորագրվել Մինսկի համաձայնագրերի առկա տարբերակը:

«Ինձ համար դժվար է ասել: Ինձ թվում է, որ այնտեղ հեշտ չի եղել: Եվ երբ ասում եմ, որ ես երբեք չէի ստորագրի, ապա անկեղծ ասեմ, որ երևի, այս իրավիճակում երբեք մի ասա երբեք»,-նշել է Զելենսկին:

Դեկտեմբերի 10-ին Ուկրաինայի պետական հետաքննությունների բյուրոն քրեական վարույթ է բացել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ՝ նրա կողմից Մինսկի համաձայնագրերը ստորագրելու շրջանակում հնարավոր պետական դավաճանության փաստով:

Մինսկի համաձայնագրերի նպատակն Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության կարգավորումն է։ Համաձայնեցվել է 2015 թվականի փետրվարի 11-12-ին Մինսկում կայացած գագաթնաժողովի ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները