Թրամփը մեկ օրում Twitter-ում ռեկորդային թվով գրառումներ է կատարել

21:33   13 Դեկտեմբեր 2019    377

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձնական ռեկորդ է սահմանել իր Twitter-ի oգտահաշվում հրապարակված հաղորդագրությունների քանակով։

Պարբերականի հաշվարկներով՝ Սպիտակ տան ղեկավարը 123 թվիթերյան գրառում է կատարել կամ կիսվել է այլոց գրառումներով։ Նախորդ ռեկորդն ԱՄՆ նախագահը սահմանել էր մի քանի օր առաջ՝ մեկ օրում՝ 105 գրառում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ Թրամփի թվիթերյան գրառումներից շատերը վերաբերում են ԱՄՆ Կոնգրեսի իրավաբանական կոմիտեում իր պաշտոնանկության վերաբերյալ լսումներին։

Գրառումներից մեկում Թրամփը ծաղրել է նաև 16-ամյա բնապահպան Գրետա Տունբերգին։

«Գրետան զայրույթը վերահսկելու խնդիր ունի և պետք է աշխատի այդ ուղղությամբ, հետո ընկերներից մեկի հետ գնա մի հին ու բարի ֆիլմ դիտելու։ Հանդարտվի՛ր, Գրետա, հանդարտվի՛ր»,- գրել է Թրամփը։

Թրամփը գրառումներ է կատարել նաև ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային գործարքի վերաբերյալ, ինչպես նաև շնորհավորել է Բորիս Ջոնսոնին՝ խորհրդարանական ընտրություններում տպավորիչ հաղթանակի կապակցությամբ։

«Շնորհավորանքներս Բորիս Ջոնսոնին՝ հզոր հաղթանակի կապակցությամբ: Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգներն այլևս ազատ կլինեն «Բրեքզիթ»-ից հետո՝ նոր, խոշոր առևտրային գործարք կնքելու հարցում: Այն կարող է շատ ավելի խոշոր և շահավետ լինել, քան Եվրամիության հետ որևէ այլ գործարք: Տոնի՛ր, Բորի՛ս»,-գրել է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները