ԱՄՆ-ում մահացածներին կվերածեն պարարտանյութի

22:07   15 Դեկտեմբեր 2019    458

2021 թվականին ԱՄՆ Սիեթլ քաղաքում կբացվի աշխարհում առաջին Recompose գործարանը, որտեղ հաճախորդների դիերը կվերածվեն պարարտանյութի, հայտնում է ScienceAlert-ը:

Մահացածին հողի վերածելու օրինական հնարավորությունը ստեղծվել է համապատասխան օրինագծի ընդունումից հետո: Վաշինգտոն նահանգն առաջինն էր Միացյալ Նահանգներում, որն ավանդական մեթոդներից զատ նման այլընտրանքային հնարավորություն տվեց: Օրենքն ուժի մեջ կմտնի 2020 թվականի մայիսից:

Մարմինը հողի վերածելու գործընթացը հիշեցնում է բնական թաղում: Մահացածների մարմինները տեղադրվում են վեցանկյուններ հիշեցնող հատուկ դարակներում, որոնց ներսում թեփ է լցված և լավ օդափոխվում են: Սա օպտիմալ պայմաններ է ստեղծում բակտերիաների և միկրոօրգանիզմների զարգացման համար, որոնք քայքայում են մարմինը՝ ներառյալ ոսկորները և ատամները:

Սկսելուց 30 օր անց մարմինը ամբողջովին վերափոխվում է՝ դառնալով հող: Այն կարող է օգտագործվել բույսեր աճեցնելու համար:

Հարազատները կարող են վերցնել ստեղծված հողը, կամ կարող են այն թողնել պահպանման համար, այնուհետև կազմակերպիչները դա վերադարձնում են բնական միջավայր, ինչը Recompose-ի հիմնական նպատակն է: Սա նվազագույն բացասական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա՝ համեմատած ավանդական թաղման կամ դիակիզման հետ: Այս գործընթացի շնորհիվ հնարավոր է դառնում խուսափել մեկ տոննա CO2-ի արտանետումից:

Recompose-ն իր ծառայությունները գնահատում է 5,500 դոլար: Կանոնավոր հուղարկավորության արժեքը 8,000 դոլարի սահմաններում է, իսկ դիակիզման արժեքը կազմում է 1000-7,000 դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները