Բեյրութում չեն դադարում արցունքաբեր գազի կիրառմամբ բախումները ցուցարարների և ոստիկանության միջև

10:55   16 Դեկտեմբեր 2019    311

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ երկրի խորհրդարանի շենքի մոտ, շարունակվում են ցուցարարների և իրավապահների բախումները, հայտնում է Hayatsk.info-ն՝ մանրամասնելով, որ ցուցարարները քարեր են նետում իրավապահների ուղղությամբ, իսկ վերջիններս ակտիվիստներին ցրելու նպատակով արցունքաբեր գազ են կիրառում:

Ցույցի մասնակիցներից մեկը լրատվամիջոցի հետ զրույցի ընթացքում ասել է, որ մի խումբ սադրիչներ, ինչպես և երեկ, ոստիկանության ուղղությամբ քարեր են նետել: Դրանից հետո ոստիկանությունը մի քանի նախազգուշացում է արել ու արցունքաբեր գազ կիրառել: Մասնակիցը նաև հավելել է, որ մի խումբ երիտասարդներ կոտրել են խանութների ցուցափեղկերը:

«Ալ Ջադիդ» հեռուստաընկերությունը՝ Ներքին գործերի նախարարությանը հղումով, հայտարարել է, որ իրավապահները մեկուկես ժամ շարունակ ակտիվիստներին զսպվածության կոչեր են արել, սակայն երբ նրանց ուղղությամբ քարեր են սկսել նետվել, և մի քանի իրավապահ վնասվածքներ է ստացել, արցունքաբեր գազի կիրառման հրաման է ստացվել:

Միևնույն ժամանակ խորհրդարանից ոչ հեռու՝ Մարտիրոսների հրապարակում, շիական կուսակցությունների աջակիցները հարձակվել են ցուցարարների վրանների վրա ու այրել դրանք:

Լիբանանի մյուս խոշոր քաղաքներում և հիմնական մայրուղիների վրա ակտիվիստները ճանապարհներ են արգելափակում, անիվներ և աղբամաններ այրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները