Էստոնիայի նախագահը ներողություն է խնդրել Ֆինլանդիայի վարչապետին վիրավորած էստոնացի նախարարի պատճառով

15:49   16 Դեկտեմբեր 2019    292

Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներողություն է խնդրել ՆԳ նախարար Մարտ Հելմեի խոսքերի համար, որը Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինին «վաճառողուհի» էր անվանել, հաղորդում է ֆիննական ղեկավարի գրասենյակը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նախագահ Սաուլի Նիինիստյոն և Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը երկուշաբթի՝ դեկտեմբերի 16-ին, Էստոնիայի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում նախագահ Կալյուլայդը ներողություն է խնդրել Էստոնիայի ներքին գործերի նախարար Մարտ Հելմեի տված հարցազրույցի համար: Նախագահ Կալյուլայդի խնդրանքով Ֆինլանդիայի նախագահը փոխանցել է ներողությունը Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինին և Ֆինլանդիայի կառավարությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էստոնիայի ներքին գործերի նախարար, Պահպանողական ազգային կուսակցության նախագահ Մարտ Հելմեն TRE Raadio ռադիոկայանի եթերում մեկնաբանել է Սաննա Մարինի նշանակումը Ֆինլանդիայի կառավարության ղեկավարի պաշտոնում՝ նշելով, որ «վաճառողուհին բարձրացել է մինչև վարչապետի պաշտոնի»:


«Ֆինլանդիայում տեղի ունեցածից պարզապես ապշում եմ: Այդ կապակցությամբ, ես կմեջբերեմ Լենինի խոսքերն այն մասին, որ ցանկացած խոհարար կարող է նախարար դառնալ»,- հայտնել էր նա:

Հելմեի խոսքով՝ Մարինի նշանակումը կարելի է նկարագրել «վաճառողուհին բարձրացել է մինչև վարչապետի պաշտոնի» խոսքերով: Բացի այդ, քաղաքական գործիչը վրդովվել է, որ «փողոցային ակտիվիստներն ու անգրագետ մարդիկ» նույնպես դարձել են ֆիննական կառավարության անդամ:

Ավելի ուշ Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը, մեկնաբանելով Մարտ Հելմեի՝ իր հասցեին հնչեցրած խոսքերը, հայտնել էր, որ հպարտանում է այն փաստով, որ իր երկրում նույնիսկ վաճառողը կարող է դառնալ կառավարության ղեկավար:

«Ես շատ հպարտ եմ Ֆինլանդիայով։ Այստեղ աղքատ ընտանիքի երեխան կարող է կրթություն ստանալ և կյանքում մեծ հաջողությունների հասնել: Խանութի գանձապահը կարող է վարչապետ դառնալ։ Առանց աշխատավոր ժողովրդի Ֆինլանդիան չի կարող գոյատևել: Ես գնահատում եմ յուրաքանչյուր աշխատակցի, մասնագետի և գործարարի աշխատանքը»,- Twitter-ում գրել էր Սաննա Մարինը:

իշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել վարչապետի պաշտոնում 34-ամյա Սաննա Մարինի նշանակմանը, որը նախկինում գլխավորում էր երկրի տրանսպորտի և կապի նախարարությունը: Մարինը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ գործող վարչապետը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Էստոնիա  


Վերնագիրի այլ պիտակները