Ավելի քան 61 000 դոլար․ աճուրդում վաճառվել է արքայադուստր Դիանայի հեծանիվը

20:36   06 Մայիս 2021    400

Ուելսի արքայադուստր Դիանայի հեծանիվն աճուրդում վաճառվել է ավելի քան 61 000 դոլարով․ Raleigh Traveller ապրանքանիշի հեծանիվն անցյալ շաբաթ Burstow & Hewett-ի կազմակերպած աճուրդում վաճառվել է երկու անգամ ավելի թանկ, քան ակնկալվում էր, հաղորդում է Daily Star-ը։

Հայտնի է, որ արքայադուստր Դիանան նախքան 1981 թվականին արքայազն Չարլզի հետ ամուսնանալն այդ հեծանիվով ամեն օր գնացել է իր աշխատավայր՝ Լոնդոնի մանկապարտեզ։

2018-ին միևնույն հեծանիվն աճուրդում վաճառվել էր գրեթե 13 000 դոլարով, իսկ այս անգամ աճուրդի տունը ենթադրում էր՝ այն կվաճառվի 20-28 հազար դոլարի սահմանում։

Հայտնի աճուրդավար Մարկ Էլինն այն նկարագրել է որպես «աշխարհի ամենահայտնի հեծանիվը»։ Մինչդեռ Burstow and Hewett աճուրդի տունն այն որակել է «ամոթի հեծանիվ, որը թագավորական ընտանիքում արքայադուստր Դիանային ճնշումների խորհրդանիշներից է»։ Ասում են՝ պալատական պաշտոնյաները արքայադուստր Դիանայի և արքայազն Չարլզի ամուսնությունից հետո Ուելսի արքայադստերը «հրահանգել են ազատվել իր հին հեծանիվից»։

Նշվում է նաև, որ այն ձեռք է բերել Մերիլենդ նահանգից հայտնի փաստաբան Բերի Գլեյզերը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Դիանա  


Վերնագիրի այլ պիտակները