Բայդենը Սիրիայի դեմ գործող պատժամիջոցները ևս մեկ տարով երկարաձգելու որոշում է կայացրել

14:25   07 Մայիս 2021    207

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է կայացրել Սիրիայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ, հաղորդում է Hayatsk.info-ն՝ հղում անելով Սպիտակ տան հայտարարությանը:

Խոսքը այժմ գոյություն ունեցող մի շարք սահմանափակումները պահպանելու մասին է, որոնք ԱՄՆ-ի կողմից ընդունվել են 2004-2012 թթ. ընկած ժամանակահատվածում: Դրանք, մասնավորապես, նախատեսում են ֆիզիկական և իրավաբանական մի շարք անձանց՝ ԱՄՆ-ի իրավասության տակ գտնվող ակտիվների սառեցում, ինչպես նաև՝ մի շարք ապրանքատեսակների և ծառայությունների՝ Սիրիայի արտահանման արգելք:

«Սիրիական ռեժիմի գործողություններն արտակարգ սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար: Այդ կապակցությամբ արտակարգ դրությունը, որը գործում է Սիրիայում 2004 թ-ից և դրա սահմանման պատճառով ուժի մեջ մտած պատժամիջոցները կշարունակեն գործել նաև 2021 թ. մայիսի 11-ից հետո»,- ասված է ամերիկյան կողմի հաղորդագրությունում:

Սպիտակ տունը շեշտել է նաև, որ Սիրիայի կառավարող ռեժիմը շարունակում է խախտել մարդու իրավունքներն ու ազատությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները