Tesla-ն դադարեցնում է բիթքոինի օգտագործումը մեքենաների վաճառքի համար

15:28   13 Մայիս 2021    205

Ամերիկյան Tesla ընկերությունը դադարեցնում է բիթքոինի օգտագործումն իր արտադրած մեքենաների վաճառքի համար՝ կրիպտոարժույթի մայնինգի (արժույթի թողարկման տարբերակ,-խմբ.) համար հանածո վառելիքի օգտագործման ֆոնին:

Այս մասին իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում տեղեկացրել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը:

«Tesla-ն դադարեցնում է բիթքոինով մեքենաների վաճառքը: Մենք անհանգստացած ենք այս կրիպտոարժույթի մայնինգի և շահագործման համար նախատեսված հանածո վառելիքի, հատկապես ածուխի օգտագործման արագ աճով, որն արտանետման առումով վատագույնն է: Կրիպտոարժույթը լավ գաղափար է, և մենք հավատում ենք, որ այն խոստումնալից ապագա ունի, բայց այն չի կարող երևան գալ շրջակա միջավայրի հաշվին»,-ասել է Մասկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշենք՝ դեռևս մարտին Մասկը հայտարարել էր, որ Tesla էլեկտրական մեքենաներն արդեն իսկ կարելի է ձեռք բերել բիթքոինով:

Հիշեցնենք՝ մայնինգի էությունն այն է, որ Երկրի տարբեր մասերում գտնվող համակարգիչները լուծում են մաթեմատիկական խնդիրներ, որի արդյունքում ստեղծվում են բիթքոիններ: Այս գործընթացի համար մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա կամ այլ էներգիայի աղբյուր է անհրաժեշտ, որի համար էլ շատ հաճախ մարդիկ դիմում են տարբեր հանածոների «օգնությանը»: Վերջին շրջանում բավականին մեծ տարածում է գտել ածուխը, որը բավականին արդյունավետ է և արագ: Այնուամենայնիվ, ածուխի օգտագործման պատճառով մթնոլորտ են արտանետվում մեծաթիվ գազեր, որոնք վնասակար են շրջակա միջավայրի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Tesla    


Վերնագիրի այլ պիտակները