Արտերկրում ԱՄՆ-ի մի շարք ներկայացուցիչների մոտ ուղեղի վնասվածք է ախտորոշվել

20:35   13 Մայիս 2021    213

Արտասահմանում աշխատող ավելի քան 130 ամերիկացի դիվանագետներ եւ զինվորականներ բախվել են ուղեղի վնասման հետ կապված խորհրդավոր խնդիրների, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով նախկին եւ ներկա պաշտոնյաներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հաղորդվում է, որ սկզբում առողջության հետ կապված խնդիրների 60 դեպք է գրանցվել Չինաստանում եւ Կուբայում: Այժմ վնասվածքներ են հայտնաբերվել Եվրոպայում եւ Ասիայում աշխատող դիվանագետների մոտ: Աղբյուրների համաձայն, դեպքերը, որոնք գրանցվել էին երկրի ներսում, ամենայն հավանականությամբ, արտերկրում տուժած աշխատակիցների հետ կատարվածի հետեւանքներն են:

Ըստ թերթի տվյալների՝ մարդկանց մոտ ուղեղի վնասման աստիճանը տատանվում է գլխացավերից մինչ ինքնասպանության մասին մտքեր:

Հաղորդվում է, որ նման դեպքեր տարածում էին ստացել մոտ հինգ տարի առաջ: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձել էր մեծացնել պաշտպանության նախարարության ներգրավվածությունը այս դեպքերի պատճառները հետաքննելու գործում: Սակայն, ինչպես հայտնում է New York Times-ը, վարչակազմի աշխատակիցները դժվարությունների են բախվել դաշնային առողջապահական տվյալների պաշտպանության պատճառով, որը սահմանափակել է նրանց հասանելիությունը անհրաժեշտ տեղեկատվությանը:

Ըստ թերթի՝ Ազգային անվտանգության խորհուրդը տվյալներ է հավաքում՝ նախկինում չգրանցված վնասվածքների հնարավոր օրինաչափությունները բացահայտելու համար:

Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կոչ է արել գերատեսչություններին նշանակել համակարգողներ, որոնք պետք է զբաղվեն պաշտոնատար անձանց եւ զինվորականների գլխուղեղի վնասման պատճառները պարզելու եւ տուժած աշխատակիցներին մատուցվող բժշկական ծառայությունների որակը բարելավելու համար:

Հաղորդվում է, որ ԿՀՎ-ն ստեղծել է հատուկ ստորաբաժանում, որը տեղեկատվություն է հավաքում նոր միջադեպերի վերաբերյալ: Գերատեսչության փոխտնօրեն Դեւիդ Քոհենը պատճառների հետաքննության պատասխանատու է նշանակվել։ Նա ամեն ամիս կհանդիպի տուժած աշխատակիցների հետ եւ պարբերաբար ճեպազրույցներ կանցկացնի Կոնգրեսի անդամների համար։

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ իշխանությունները հետաքննում են երկրում երկու միջադեպեր, որոնք կարող են նման լինել արտասահմանում ամերիկացի աշխատողների դեմ «ուղղված էներգիայի» տեխնոլոգիայի օգտագործմամբ գրոհներին: ԱՄՆ-ի տարածքում այս գրոհներից մեկը, ենթադրաբար, տեղի էր ունեցել 2020 թվականի նոյեմբերին՝ Սպիտակ տան մոտ: 2019-ին տեղի էր ունեցել մեկ այլ միջադեպ՝ այն ժամանակ Սպիտակ տան աշխատակցուհին պատմել էր, որ ինքը նման գրոհի է ենթարկվել, երբ շան հետ զբոսնում էր Վաշինգտոնին սահմանակից Վիրջինիա նահանգի շրջաններից մեկում։

Աղբյուրներն ասում են, որ առայժմ անհասկանալի է ՝ կապված են արդյոք ԱՄՆ-ում տեղի ունեցած այս միջադեպերը արտերկրում նմանատիպ դեպքերի հետ: Հետաքննության մեջ ներգրավվածները կարծում են, որ գրոհների հետեւում կարող է կանգնած լինել Ռուսաստանը, բայց դրա մասին դեռ չի կարելի միանշանակ ասել՝ տեղեկատվության պակասի պատճառով: Կասկածյալների թվում նշվել է նաեւ Չինաստանը:

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, այս դեպքերում նմանություն կա, այսպես կոչված, «Հավանայի համախտանիշի» հետ, որ 2016-ին եւ 2017-ին Կուբայում, ինչպես նաեւ 2018-ին Չինաստանում տարածվել էր ԱՄՆ դիվանագետների շրջանում: Դիվանագետները, ենթադրաբար, ենթարկվել էին ձայնային ազդեցության, ինչը հանգեցրել էր առողջության համար երկարատեւ հետեւանքների:

ԱՄՆ Պետդեպարտամենտը չի հանգել որեւէ հստակ եզրակացության, թե կոնկրետ ինչն է առաջացրել համախտանիշը: Պարբերաբար ԱՄՆ մամուլում `«ակուստիկ գրոհներ» կազմակերպելու մեղադրանքներ էին հնչում Ռուսաստանի հասցեին, ՌԴ ԱԳՆ-ն այդ մեղադրանքներն անվանել է «կատարյալ անհեթեթություն եւ տարօրինակ զրպարտություն»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները