Հրապարակվել է Էյնշտեյնի նախկինում անհայտ նամակը - Լուսանկար

00:10   14 Մայիս 2021    314

Journal of Comparative Physiology ամսագիրը հաղորդում է Ալբերտ Էյնշտեյնի նախկինում անհայտ նամակի մասին, որը գրվել է 1949 թվականին:

Դրանում գիտնականը մտորում է մեղուների և թռչունների մոտ հատուկ զգացումների առկայության մասին, որոնք թույլ են տալիս կողմնորոշվել թռիչքի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ուղերձը հասցեագրված էր անգլիացի ինժեներ Գլին Դևիսին, որը զբաղվում էր ռադարների մշակմամբ: Դրանում ֆիզիկոսը ենթադրում է, որ կենդանիների զգայարանների ուսումնասիրությունը կարող է գիտության մեջ նոր հայտնագործությունների հանգեցնել:

«Միանգամայն հնարավոր է, որ չվող թռչունների և փոստատար աղավնիների վարքի ուսումնասիրությունը մի օր կարող է հանգեցնել որոշ ֆիզիկական գործընթացների ըմբռնմանը, որոնք դեռ հայտնի չեն», - գրում է ֆիզիկոսը:

Նա նշել է նաև ավստրիացի էթոլոգ, Նոբելյան մրցանակակիր Կառլ ֆոն Ֆրիշի հետ հանդիպման մասին, որն ուսումնասիրում էր մեղուների զգայական օրգանները:

Հայտնի է, որ Էյնշտեյնը 1949 թվականի ապրիլին ներկա է գտնվել Պրինսթոնի համալսարանում ֆոն Ֆրիշի դասախոսությանը, որի ընթացքում նա ներկայացրել է իր հետազոտությունները, թե ինչպես են մեղուները արդյունավետ շարժվում `օգտագործելով ցրված լույսի բևեռացնող հատկությունները:

Հաջորդ օրը գիտնականները հանդիպել են, և չնայած այս փաստը պաշտոնապես փաստաթղթավորված չէ, նամակը հաստատում է նրանց շփումը:

2011 թվականին գիտնականի այրին՝ Ջուդիթ Դեյվիսը, ուղերձի օրինակը փոխանցել էր Երուսաղեմի հրեական համալսարանի արխիվներին, որին Էյնշտեյնը կտակել էր իր նամակներն ու գրառումները: Փաստաթուղթն ուսումնասիրել են Ավստրալիայի Մելբուռնի Թագավորական տեխնոլոգիական համալսարանի գիտնականները:

Նշվում է, որ նամակում շարադրված Էյնշտեյնի փայլուն կռահումները հաստատում են չվող թռչունների ներքին կողմնորոշման մեխանիզմների վերջին հայտնագործությունները:

Ուսումնասիրության հեղինակների կարծիքով, Դեյվիսին ուղղված հաղորդագրությունը ցույց է տալիս Էյնշտեյնի գիտական հետաքրքրությունների լայն շրջանակը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Էյնշտեյն  


Վերնագիրի այլ պիտակները