Tiktok-ի օգտատերը պատմել է` ինչպես են ծննդատանը 2 անգամ շփոթել իր երեխաներին. տեսանյութն ավելի քան 3 միլիոն դիտում է հավաքել

17:10   14 Մայիս 2021    274

TikTok սոցիալական ցանցի օգտատերը նկարագրել է, թե ինչպես են իր երեխաներին երկու անգամ շփոթել ծննդատանը, գրում է Unilad-ը:

Բլոգեր Բեքի Մարտինը պատմել է, որ ծննդաբերելուց հետո իրեն երկու անգամ փորձել են սխալ երեխա տալ: Առաջին ծննդաբերությունից հետո նրա մոտ մի տղա են բերել և ասել՝ իր փոխարեն կերակրել են երեխային, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ի՞նչ է, ես կրծքո՞վ եմ կերակրում»,- հարցրել է կինը, ինչին ի պատասխան՝ հիվանդանոցի աշխատակիցները նշել են՝ «Օ՜, կներեք... սա ճիշտ երեխան չէ»:

Հատկանշական է, որ երկրորդ ծննդաբերությունից հետո կնոջ հիվանդասենյակ են բերել մի աղջկա՝ չնայած նրան, որ Մարտինի նորածին դուստրն այդ ընթացքում մոր հետ էր:

Մարտինը շեշտել է, որ, հաշվի առնելով նախորդ փորձերը, երրորդ ծննդաբերությունից հետո ինքը հրաժարվել է երեխային տեսադաշտից հեռու թողնել:

«Բուժքույրը եկել էր և խնդրել, որ նորածնին բժշկական հետազոտությունների տանի: Սակայն, ես նշել էի, որ կա՛մ դրանք հիվանդասենյակում կիրականացվեն, կա՛մ էլ ինքս նրա հետ լաբորատորիա կգնամ»,-պատմել է նա:

Դեպքից հետո բուժքույրը մանկաբարձին բողոքել է կնոջ նման վերաբերմունքից` նրան համարելով չափազանց կասկածամիտ:

Այնուամենայնիվ, կնոջ խոսքով՝ «դեպքի՝ մեկ անգամ տեղի ունենելը պատահականություն է, բայց երկուսն արդեն օրինաչափություն է»:

Մարտինի տեսանյութը TikTok-ում ավելի քան երեք միլիոն դիտում է հավաքել:

Նրա հետևորդներից մեկը մեկնաբանություններում կարծիք է հայտնել՝ նշելով, հավանականությունը մեծ է, որ շատ ծնողներ ուրիշների երեխաներին են դաստիարակում և նույնիսկ տեղյակ չեն այդ մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Tiktok  


Վերնագիրի այլ պիտակները