ԱՀԿ-ն կարծում է, որ համավարակի երկրորդ տարում ավելի շատ մահեր կարող են լինել, քան առաջինում

01:42   15 Մայիս 2021    313

Կորոնավիրուսի համավարակի երկրորդ տարին կարող է հանգեցնել ավելի մեծ թվով մահերի, քան առաջինը:

Այս մասին ուրբաթ օրը Ժնեւում կայացած ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեեսուսը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«COVID-19-ն արդեն հանգեցրել է ավելի քան 3,3 միլիոն մարդու մահվան, եւ մենք այն ուղու վրա ենք, որ այս համավարակի երկրորդ տարին կարող է ավելի մահաբեր լինել, քան առաջինը»,- ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՀԿ ղեկավարը համաշխարհային հանրությանը կոչ է արել համավարակի դեմ պայքարում օգտագործել «միջոցառումների համադրությունը»՝ պատվաստումներ եւ հանրային առողջապահության ոլորտում այլ քայլեր: Կորոնավիրուսի դեմ մեծ քանակի պատվաստանյութեր ունեցող պետություններին նա կոչ է արել COVAX մեխանիզմի միջոցով կիսվել նրանց հետ, ովքեր չունեն դրանք։ Գեբրեեսուսը COVAX-ն անվանել է «իրավահավասար պատվաստում ապահովելու ամենաարագ ուղին»:

COVAX-ը միջազգային մեխանիզմ է, որը գործարկվել է ԱՀԿ-ի կողմից՝ Պատվաստումների եւ պատվաստանյութերի գլոբալ դաշինքի եւ Համաճարակային պատրաստվածության նորարարությունների կոալիցիայի հետ համատեղ: Այն աջակցում է արտադրական հզորությունների ստեղծմանն ու գնումներ է իրականացնում: Ծրագրի պայմանների համաձայն՝ բարձր եկամուտ ունեցող երկրները վճարում են պակաս հարուստ երկրների պատվաստանյութերի համար: Ծրագրի համաձայն՝ մեխանիզմի շրջանակներում մինչեւ 2021 թվականի վերջը 2 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ պետք է արտադրվի եւ հավասարաչափ բաշխվի ամբողջ աշխարհում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները