ԱՀԿ ղեկավարը հարուստ երկրներին հորդորում է կիսվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերով

02:36   15 Մայիս 2021    294

Ցածր եկամուտ ունեցող երկրներին բաժին է ընկնում կորոնավիրուսային պատվաստանյութերի ընդամենը 0,3 տոկոսը:

Այս մասին ուրբաթ օրը Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեեսուսը՝ հորդորելով հարուստ պետություններին կիսվել պատվաստանյութերով դրանք չունեցող երկրների հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ներկայումս COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ընդամենը 0,3 տոկոսն է ուղարկվում ցածր եկամուտ ունեցող երկրներ»,- ասել է ԱՀԿ տնօրենը: Այն փաստը, որ աշխարհում մեծ թվով բուժաշխատողներ դեռեւս չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, վկայում է «պատվաստանյութերի հասանելիության անհամաչափության մասին»,- ընդգծել է նա: Այս կապակցությամբ գլխավոր տնօրենը հորդորել է այն երկրներին, որոնք ներկայումս դիտարկում են երեխաներին եւ դեռահասներին պատվաստելու հնարավորությունը, «վերանայել [նման ծրագրերը] եւ փոխարենը պատվաստանյութը նվիրել COVAX ծրագրին»:

COVAX-ը միջազգային մեխանիզմ է, որը գործարկվել է ԱՀԿ-ի կողմից՝ Պատվաստումների եւ պատվաստանյութերի գլոբալ դաշինքի եւ Համաճարակային պատրաստվածության նորարարությունների կոալիցիայի հետ համատեղ: Այն աջակցում է արտադրական հզորությունների ստեղծմանն ու գնումներ է իրականացնում: Ծրագրի պայմանների համաձայն՝ բարձր եկամուտ ունեցող երկրները վճարում են պակաս հարուստ երկրների պատվաստանյութերի համար: Ծրագրի համաձայն՝ մեխանիզմի շրջանակներում մինչեւ 2021 թվականի վերջը 2 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ պետք է արտադրվի եւ հավասարաչափ բաշխվի ամբողջ աշխարհում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները