«Իսրայելը կշարունակի գործել իր քաղաքների ուղղությամբ հրթիռներ արձակող ծայրահեղականների դեմ»․ Նեթանյահու

02:55   15 Մայիս 2021    292

Իսրայելը ինքնապաշտպանության նպատակով կշարունակի գործել արմատականների դեմ, որոնք, թաքնվելով քաղաքացիական բնակչության թիկունքում, հրթիռներով գնդակոծում են քաղաքները:

Այսօր Թել Ավիվում հրեական պետության պաշտպանության նախարարությունում իրավիճակի գնահատման վերաբերյալ խորհրդակցությունից հետո հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ես ասել եմ՝ մենք շատ ծանր հարված կհասցնենք ՀԱՄԱՍ-ին և այլ ահաբեկչական կազմակերպություններին։ Իսրայելը ինքնապաշտպանության նպատակով գործում է ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվում են բնակչության վրա՝ թաքնվելով քաղաքացիական բնակչության թիկունքում։ Դա նրանց չի օգնի, և մենք կշարունակենք գործել»,- Նեթանյահուի խոսքերը տարածել է նրա գրասենյակը։

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1800 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ:

850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նեթանյահու  


Վերնագիրի այլ պիտակները